Արդարադատության նախարարության Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման է ներկայացված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի» նախագիծը։
Mediamax.am-ի հետ զրույցում հակակոռուպցիոն փորձագետ Մարիամ Զադոյանն ընդգծել է, որ թեև նախագծում խոսվում է վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդրված ազդարարների պաշտպանության համակարգի մասին, սակայն ռազմավարության մեջ չկան գործուն մեխանիզմներ վերջիններիս խրախուսման ու երաշխավորման համար։
Միևնույն ժամանակ, փորձագետը կարևորել է այն, որ նոր ռազմավարությամբ կոռուպցիայի դեմ պայքարը ընդգրկում է մասնավոր ոլորտը, քանի որ որպես միջոցառում նախատեսված է հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդրումը։
Ըստ փորձագետի՝ ռազմավարության արդյունավետ իրականացման հարցում կարեւոր է նաեւ քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպությունների հետ սերտորեն համագործակցությունը։
Բացի այդ, անհրաժեշտ է ռազմավարությունը համապատասխանեցնել Կուալա Լումպուրի սկզբունքներին, որը ներառում է նաեւ մոնիտորինգի մեխանիզմների բարելավում: