24.06.2019
Մայիսի 24-ին տեղի ունեցավ Գործարար շահերի պաշտպանության ցանցի հերթական ժողովը:
Ժողովին քննարկվում էր ցանցի ռազմավարության և կանոնակարգի փոփոխությունները: Վլադիմիր Ամիրյանը ներկայացրեց հետևյալ հիմնական կետերը, որոնք փոփոխության են ենթարկվել՝
- Համաձայն նախորդ կանոնակարգի Ցանցի քարտուղարությունը պետք է բաղկացած լինի Ցանցի անդամ հանդիսացող 5 կազմակերպության ներկայացուցիչներից: Նախորդ աշխատաժողովի ընթացքում առաջարկվել էր, և մասնակիցների մեծամասնությունը համաձայնություն էր տվել այդ փոփոխությանը, համաձայն որի Կանոնակարգում 5 կազմակերպության ներկայացուցիչների փոխարեն Քարտուղարությունը հանդես է գալու ի դեմս մեկ կազմակերպության: Ցանցում կձևավորվի նաև երեք հանձնաժողով՝ Հարկային, ՓՄՁ կամ Հակակոռուպցիոն:
- Հաջորդ կարևոր փոփոխությունն է հանդիսանում կարգախոսի ընտրությունը, որն է՝ «Գործարար հանրության միացյալ ձայնը»։
- Ռազմավարության մեջ ավելացվել է նաև կառավարությանը առավել շատ առաջարկություններ ներկայացնելու վերաբերյալ կետ, համաձայն որի, ելնելով տվյալ պահին առկա խնդիրներից ոչ միայն բարձրաձայնե,լ այլ նաև ՝հստակ և պաշտոնապես 1-2 առաջարկություն ձևակերպել Ցանցի անունից և ներկայացնել կառավարություն: Վ. Ամիրյանը նշեց, որ վերջին ժամանակահատվածում արդեն իսկ Վ. Շատվերովի կողմից մշակվել և ուղարկվել է 5 առաջարկից բաղկացած փաթեթ:
- Հաշվի առնելով իրազեկվածության մեծ տարբերությունը, որ ի հայտ է եկել վերջին ժամանակներում մարզերում և Երևանում իրականացված աշխատաժողովների ընթացքում, նշվել է նաև մարզային ընկերություններին Ցանցի գործողություններում առավել շատ ներգրավելու մասին:
Քննարկում ծավալվեց նաև նոր անդամների ներգրավման և անդամակցության դադարեցման վերաբերյալ: Նշվեց, որ ներկայումս Ցանցն ունի 14 անդամ 18-ի փոխարեն: 4 կազմակերպության անդամակցություն դադարեցվել է համաձայն կանոնակարգի համապատասխան կետի (Ցանցի կողմից իրականացվող աշխատանքներին առանց հիմնավոր պատճառի չմասնակցելու պատճառով): Քարտուղարությունը փորձել է կապ հաստատել նրանց հետ, սակայն արձագանք չի եղել: Կանոնակարգի նոր տարբերակում հստակ նշվել է նաև ժամանակահատված, որը կհամարվի 1 տարին, որից հետո Քարտուղարությունը անդամ կազմակերպությանը գրավոր ձևով տեղեկացնում է այդ մասին, և 2 շաբաթվա ընթացքում գրավոր պատասխան չստանալու դեպքում անդամակցությունը համարվում է դադարեցված:
Ժողովին քննարկվեցին նաև ցանցի առաջիկա անելիքները: