Արդյո՞ք բիզնես կազմակերպությունները դիտարկում և գնահատում են կոռուպցիոն ռիսկերը:
2018թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Կոռուպցիայի դեմ պայքում բիզնեսի դերը. հայաստանյան իրականություն» հետազոտության ընթացքում այս հարցը տրվել է 188 կազմակերպությունների:
Հարցումն անցկացվել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․ Հայաստան» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոն» ՀԿ-ի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Կորպորատիվ կառավարման կենտրոն» ՀԿ-ի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատի կողմից Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
Հարցին դրական պատասխան է տվել հարցվածների 63%-ը, սակայն նրանց 67%-ը նշել է նաև, որ հակակոռուպցիոն համապատասխանության տեսնակյունից երբևէ չի գնահատել իր գործընկերներին: Սա տարակուսանքների տեղիք է տալիս այն առումով, որ գործընկերների կամ երրորդ կողմի գնահատումը հանդիսանում է կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման կարևորագույն բաղկացուցիչը: Ինչ վերաբերում է գործընկերների կողմից իրենց գնահատելուն, ապա՝ ըստ հարցման արդյունքների, դրան ենթարկվել է հարցվածների ընդամենը 20%, գերակշիռ մեծամասնությունը հարցին տվել է բացասական պատասխան: