Սեպտեմբերի 27-ին կայացավ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը` հանրային վստահության բարձրացման լույսի ներքո» խորագրով քաղաքացիական հասարակություն-կառավարություն համաժողովը, որը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի շրջանակներում՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ:
Համաժողովի ընթացքում առաջարկություններով և դիտարկումներով հանդես եկավ «Կոռուպցիայի դեմ պայքարի խթանում և բարեփոխումներ․Հայաստան» ծրագրի ԻՀԱ բաղադրիչի ղեկավար, փաստաբան Մարիամ Զադոյանը:
Նա հարց ուղղեց իրավապահ համակարգի ներկայացուցիչներին.-«Շրջանառվում էր քրեական նոր օրենսգրքի նախագիծ, որով նախատեսվում էր որոշակի բացառություն, որով հնարավոր կլիներ խուսափել պատասխանատվությունից այն դեպքում, երբ իրավաբանական անձի կողմից հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկվեին, որպեսզի խախտումը տեղի չունենար: Երբ այդ ռազմավարությունը պրոեկտվի, այդ ժամանակահատվածում արդյո՞ք նույն դիրոքորոշումը կշարունակվի, այսինքն հնարավորություն կլինի նախատեսել պատասխանատվությունից ազատում»:
Նրա հարցին ի պատասխան ՀՀ դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ Գրիգոր Ամիրյանը նշեց, որ եկել է ժամանակը իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության հարցը կարգավորելու, սակայն կան շատ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնել: Իսկ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը նշեց, որ ողջունելի է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը և հավելեց, որ այդ հարցում պետք է միասնական մոտեցում դրսևորել։