Իրավաբան.net-ը արդեն իսկ տեղեկացրել է հանրությանն այն մասին, որ մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց։ «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում հունվարի 19-ին հրապարկված իրազեկումը բավականին բուռն արձագանքներ է ունեցել։
Ծրագրի իրավաբան, փաստաբան Մարիամ Զադոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունվել է ինքնազբաղված անձանց հարկային արտոնություններ տրամադերլու վերաբերյալ օրենք, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ին։
«Այս օրենքի մասին ես իմացա հարկային ծառայության թեժ գծից՝ մանրակրկիտ հարցեր տալուց հետո։ Այժմ խնդիրն այն է, որ հարկային մարմիններն այս արտոնության մասին չեն տեղեկացնում այն հարկ վճարողներին, որոնց վրա տարածվում է արտոնությունը։ Մեր կողմից տարածված իրազեկումից հետո ստանում ենք բազմաթիվ զանգեր անհատ ձեռնարկատերերից, որ հարկային մարմինները ընդհանրապես չեն տեղեկացրել օրենքի սուբյեկտ հանդիսացող այն ֆիզիկական անձանց, որոնք օրեր առաջ վճարել են արտոնագրային վճարներ ընդհուպ մինչև 1 տարվա համար (որը կազմում է ընդհուպ մինչև 100.000 դրամ) և նրանց, որոնք դիմել են այս տարի շրջանառության հարկի ռեժիմով հարկ վճարելու համար»։
Մարիամ Զադոյանի խոսքով, երբեմն նույնիսկ հարկային մարմինները, չտիրապետելով վերոնշյալ օրենքի դրույթներին, սխալ տեղեկատվություն են տրամադրել օրենքի սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերերին` նշելով, որ վերջիններս պետք է դադարեցնեն որպես անհատ ձեռնարկատեր իրականացնող գործունեությունը վերոնշյալ արտոնությունից օգտվելու նպատակով։
Փաստաբանը նշեց նաև, որ հարկային ծառայության թեժ գծից տեղեկացրել են, որ եթե անհատ ձեռներցները դիմել են շրջանառության հարկի ռեժիմով աշխատելու համար, ապա այս տարի այլևս չեն կարող ինքնազբաղված անձանց հարկային արտոնություններից օգտվել։
Փաստորեն, այս օրենքն արդեն իսկ ուժի մեջ է 20 օր, սակայն հանրությունը իրազեկված չէ դրա մասին, մինչդռ վարչապետ Կարեն Կարապետյանը, երբ կառավարության նիստում ներկայացվել էր օրենսդրական փաթեթը, հատուկ ընդգծել էր շահագրգիռ անձանց իրազեկելու հարցը։
Սույն ծրագիրն իրականացվում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Բովանդակության համար պատասխանատու է Կոնսորցիումը, և այն կարող է չարտահայտել ԳՄՀԸ, ԵՄ և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության տեսակետը: