Բիզպաշտպան կայքի միջոցով շարունակում են ստացվել ազդարարումներ Covid-19 նոր կորոնավիրուսի հետևանքով հայտարարված արտակարգ դրության՝ ՀՀ պարետի որոշումներով կողմից ներկայացված սահմանափակումների վերաբերյալ։
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից նախ 2020 թ. մարտի 24-ին ընդունվեց N 14 որոշումը, որոնցով ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվեցին ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմով։ Այդ սահմանափակումները հետագայում լրացվեցին Պարետի այլ որոշումներով։
02.04.2020թ.-ին Բիզպաշտպան կայքի միջոցով ստացվել է հետևյալ ազդարարումը․
«Գործունեությանս տեսակը՝ արագ սննդի կետ է և ունեմ հինգ գրանցված աշխատող։ Մարտի 24-ից դադարեցրել եմ գործունեությունս՝ Պարետի որոշման համաձայն՝ առանց աշխատողներին աշխատանքից ազատելու, որոնց պետք է հարկադիր պարապուրդի համար վճարեմ։ Սակայն, իմ հարևանությամբ այս օրերին գործում են արագ սննդի կետեր և մի քանի մթերային խանութներ, որոնք ոչ սանիտարական պայմաններում զբաղվում են նաև արագ սնունդ պատրաստելով և իրացնելով»։
Ահազանգը ներկայացվել է ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքում գրանցված Ա/Ձ-ի կողմից, որի տվյալները չեն հրապարակվում։ Բիզպաշտպանի փորձագիտական թիմն այս ազդարարման վերաբերյալ ազդարարին ուսումնասիրել է ՀՀ պարետի N 27 որոշմամբ նախատեսված աղյուսակը՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ, որի արդյունքում պարզվել է, որ արագ սննդի կետերի գործունեությունը կամ արագ սննդի իրացումը թույլատրված չեն նշյալ որոշմամբ։ Հավաստիանալով ազդարարման իսկության մեջ՝ գրություն է ներկայացվել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գրասենյակ։
Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր: