Ստուգել հայտի կարգավիճակը

«Թաղապետարանից պահանջում են վճարել տեղական տուրքերը այն ամիսների համար, երբ կառավարությունը մեզ արգելել էր աշխատել»․ ընկերությունը բողոք է ներկայացրել վարչական շրջանի ղեկավարի դեմ

10.07.2020

Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակման արդյունքում կրած տնտեսական վնասների վերաբերյալ Բիզպաշտպանը շարունակում է ազդարարումներ ստանալ։

Հուլիսի 6-ին «Արիես Լանչ» ՍՊԸ-ի տնօրեն Հասմիկ Բարխուդարյանի կողմից գրություն է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանի դեմ։ 

Գրության մեջ ասվում է․

 «Սույն թվականի մարտ ամսին ՀՀ Ազգային ժողովը որոշում ընդունեց Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու մասին։ Մարտի 16-ից արգելվեց հանրային սննդի բիզնեսների գործունեությունը և այն նորից թույլատրվեց ս/թ մայիսի 15-ից։ Որպես ամենատուժված ոլորտի ներկայացուցիչներ, որոնց օգնելու համար ՀՀ Կառավարությունը անընդհատ ինչ-որ ծրագրեր է փորձում կազմել, մենք խորապես զարմացած ենք թաղապետարանի դիրքորոշումից․ թաղապետարանից զանգահարում և պահանջում են, հաշիվներ են դուրս գրում Տեղական տուրքերի և գովազդի համար այդ չաշխատած, օրենքով արգելված ժամանակահատվածի համար՝ հիմնավորելով, որ Օրենքն այդպիսի կետ չի նախատեսում, որ պետության կողմից արգելված ժամանակահատվածում դու չպիտի վճարես քո տուրքերը։ Այսինքն, թաղապետարանից պահանջում են, որ մենք վճարենք սննդի գործունեությամբ զբաղվելու և գովազդի համար տեղական տուրքերը այն ամիսների համար, երբ կառավարությունը մեզ արգելել էր աշխատել։ Այդ տիպի գործողությունները անտրամաբանական են, անօրինական են և վնաս են հասցնում Կառավարության կողմից վարած քաղաքականությանը։ Լրացուցիչ հայտնում եմ, որ որևէ խնդիր չունենք վճարելու այն ամիսների համար, երբ մեր գործունեությունը արգելված չի եղել։ Խնդրում եմ բարձրացրեք այս հարցը և լուծում տվեք»։ 

Նշենք, որ Բիզպաշտպանի կողմից գրություններ են ներկայացվել վարչական շրջանի ղեկավարին և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։

 

 

Վերադառնալ ցանկ