Բիզնեսով զբաղվող անձիք բազմիցս բարձրաձայնում են տնտեսական մրցակցության ոլորտում առկա լրջագույն խնդրիրներին, որոնց վերհանման նպատակով այսօր կլոր սեղան էր կազմակերպված «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում: Քննարկմանը ներկա էին ծրագիրն իրականացնող կազմակերպությունների, բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ:
«Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրավաբան Մարիամ Զադոյանը ներկայացրեց ներկայիս օրենսդրական բացերը, որոնց հետևանքով էլ ստեղծվել է մի իրավիճակ, հնարավոր է «դե ֆակտո» լինել մենաշնորհային դիրքում, սակայն` «դե յուրե»` ոչ: Եվ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չունի բավարար լծակներ` ոլորտում առարկայական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ:
Այս խնդրի լուծումը, Մարիամ Զադոյանի համոզմամբ, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումն է: Երբ տնտեսավարողները կներկայացնեն հայտարարագրեր այն մասին, թե ովքեր են իրենց ընկերության իրական սեփականատերերը։
Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչները, ինչպես նաև` բիզնեսի ներկայացուցիչները, քննարկեցին սույն ոլորտում տեղի ունեցած չարաշահումների և խախտումների վերաբերյալ դեպքեր:
Նշենք, որ առաջիկայում նախատեսվում է ազատ տնտեսական մրցակցության ոլորտում կատարված բարեփոխումների և առկա խնդիրների և ռիսկերի վերաբերյալ միջոցառում, որի ժամանակ կներկայացվեն առաջարկություններ՝ ռիսկերի նվազեցման ուղղությամբ:
Նյութը պատրաստվել է «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է կոնսորցիումի անդամների՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և Եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից ՝ Աջակցություն ՓՄՁ զարգացմանը ծրագրի ֆինանսավորմամբ:
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: