Բիզպաշտպանը կարևորում է տնտեսվարող սուբյեկտ-պետական մարմին փոխադարձ համագործակցության արդյունավետությունը բիզնես դաշտում՝ կայուն տնտեսական գործունեության ապահովման համար։
Բիզպաշտպանին ուղղված հերթական ահազանգը պետական մարմնի կողմից ոչ պատշաճ կարգով արձագանքն է տնտեսվարող սուբյեկտի կողմից բարձրաձայնված խնդրին, ինչը խոչընդոտում է վերջինիս դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ստանալու ջրօգագործման թույլտվություն։
«Արկանսա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Հրաչյա Հովսեփյանը 28.02.2019թ․-ին Բիզպաշտպանին է դիմել հետևյալ խնդրով․
«Անհրաժեշտ է Ջրային կոմիտեի հաշվեկշռում գտնվող Գեղի-Եղվարդ ջրատարից օգտագործման իրավունքի պայմանագիր, սակայն Կոմիտեում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ինձ տեղեկացրին, որ չնայած այս բիզնես պրոյեկտը չի խանգարում ոռոգման համակարգին, սակայն տրամադրել այս պահին չեն կարող՝ օրենսդրական կարգավորման պատճառով։ Սակայն, կատարելով ուսումնասիրություններ, դիմելով ՀՀ վարչապետին և խոսելով արդեն առկա մյուս ՓՀԷԿ-երի հետ՝ հասկացա, որ նման իրավական արգելք չկա, և արդեն 4 ամիս չեն տրամադրում ինձ իրավունք և նույնիսկ չեն պատասխանում գրությանը։ Իսկ բանավոր հանդիպան ժամանակ համարձակվում են ասել, որ իրենց խողովակն է՝ նպատակահարմար կլինի, կտանք, չէ՝ չէ։ Ջրային կոմիտեն տարիներ շարունակ աչքի է ընկել նմանատիպ գործելաոճով, այժմ, կարծում եմ, չունենալով մերժման հիմք՝ պարզապես արհամարհում են գրությունը և խոչընդոտում են ինձ անելու հաջորդ քայլը՝ բնապապահնության նախարարությունից ստանալու ջրօգագործման թույլտվություն»։
Բիզպաշտպանի փորձագիտական թիմն, ուսումնասիրելով ներկայացված ազդարարումը, հարցի վերաբերյալ գրություն է ներկայացրել ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահին՝ հասկանալու, թե որոնք են վերոնշյալ օրենսդրական արգելքները, որոնք խոչընդոտում են իրականացնել բնականոն բիզնես գործունեություն։ Արդյունքում, ահազանգը բավարարվել է, և ազդարարը ստացել է իր կողմից հայցած ջրօգտագործման թույլտվությունը:
Հիշեցնենք, որ Bizprotect.am կայքն ազդարարման հարթակ է` ուղղված բիզնես ոլորտի գործունեությանը խոչընդոտող ցանկացած հարցերի, ռիսկերի և խնդիրների բարձրաձայնմանը, ներառյալ` կոռուպցիոն: Սույն կայքը նաև անանուն ահազանգներ ներկայացնելու հնարավորություն է ընձեռում: Այդ ահազանգերի իսկությունը ստուգելու և դրանց լուծումներ տալու համար ձեռնարկվում են համապատասխան քայլեր: