Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ապրիլի 17-ին և 18-ին Երևանում անցկացվեց «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով կառավարություն-քաղաքացիական հասարակության փորձագիտական միջազգային համաժողովը:
Այն կազմակերպվել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ու Միջազգային մասնավոր ձեռնարկությունների կենտրոնի (CIPE) հետ համագործակցությամբ:
Համաժողովը նպատակ էր հետապնդում ներկայացնել հակակոռուպցիոն պայքարի միջազգային փորձը՝ կապված իրավապահ գործունեության, ակտիվների վերականգնման, կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն կրթության հետ՝ հակակոռուպցիոն մարմնի, ազդարարման համակարգի, իրական սեփականատերերի և հակակոռուպցիոն համապատասխանության սպեկտրի միջոցով։
Արդեն ամփոփվել և հրապարակվել են համաժողովի դիտարկումները, որոնց համաձայն առաջարկվում է
- բիզնես սեկտորին՝ մշակել բիզնեսում կոռուպցիոն ռիսկերի նվազմանն ուղղված քայլեր, մասնավորապես՝ ներդնել հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր,
- օրենսդիր և գործադիր իշխանություններին՝ ներդնել իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը և ձեռնարկել գործուն մեխանիզմներ՝ ուղղված մասնավոր հատվածի կողմից հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրեր որդեգրելուն, այդ թվում՝ նշյալ ծրագրերի առկայությունը բիզնես ոլորտում դիտարկել որպես իրավաբանական անձի՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու միջոց։